Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի 2009 թ.
լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի»
հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցման
արդյունքում Մխիթարյանը ստացել էր ձայների մեծամասնությունը: 355 միավոր վաստակած Մխիթարյանը առաջին անգամ է ճանաչվում
լավագույն: 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնվեցին համապատասխանաբար Հրայր Մկոյանը
(138) եւ Սարգիս Հովսեփյանը
(108):
Լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվեց այսօր
ՀՖՖ-ի շտաբ բնակարանում կայացած 2009 թ. մրցաշրջանի մրցանակաբաշխության ժամանակ:
Լավագույն խաղացողի մրցանակը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն
Հայրապետյանը:
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցել
են ԶԼՄ-ները, ակումբներից ներկայացուցիչները, մրցավարները եւ տեսուչները, որոնք
իրենց հարցաթերթիկում նշել էին 3 ֆուտբոլիստների անունները: Թեկնածուները 10-ն էին,
որոնց ներկայացրել էր ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի լավագույն
խաղացող էր ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը:
Մխիթարյանը անցած տարի 2-րդն էր, սակայն այս անգամ նա մրցակցությունից դուրս էր: Դա
բնական է, քանի որ Հենոն բավական տպավորիչ մրցաշրջան անցկացրեց: Մխիթարյանը
արդյունավետ խաղ ցուցադրեց Հայաստանի երիտասարդական հավաքականում, «Փյունիկում»,
«Մետալուրգում»:
Հատկապես տպավորիչ էր նրա հեթ-տրիկը նոյեմբերին
Երեւանում կայացած Հայաստան-Իռլանդիա (4:1) երիտասարդական հավաքականների խաղի
ընթացքում:
Մխիթարյանը ստացավ նաեւ «Երկրպագուների
համակրանք» մրցանակը: Այն սահմանել էր ՖԱՖ ֆուտբոլասերների ակումբը:
|