Քրեական սերիալների ազդեցությունը
Օրական
գրեթե բոլոր հեռուստաալիքները դիտելիս բազմիցս բախվում ենք հայկական
սերիալների, որոնք, գրեթե առանց բացառության, պարունակում են քրեական
տեսարաններ: Մոռանալով հեռուստատեսության հսկայական ազդեցության մասին
երիտասարդների, առավել ևս երեխաների վրա, մեզ է մատուցվում բռնություն,
անպատժելիություն, գռեհիկություն, անբարոյականություն, իհարկե այսքանից
հետո ավելորդ է նշել ոչ հայեցի ու տգեղ խոսքերն ու արտահայտությունները:
Բարձր վարկանիշ ունեցող այս սերիալների հերոսները, ոչ մի տեղ չաշխատելով,
ոչինչ չստեղծելով, խաբելով, սպանելով, ահաբեկելով` անպատիժ վայելում են
կյանքի բարիքները:
Այս սերիալները դիտելիս երիտասարդների
մեջ ակամա ձգտում կառաջանա նմանվել այդպիսի հերոսներին: Դրանց թողած
ազդեցությունը արդեն իսկ զգացվում է երիտասարդության շրջանում,
երիտասարդների մի ստվար զանգված խոսում է սերիալային բառերով և
բառակապակցություններով, սարսափելի կլինի եթե արարքներն էլ նմանվեն:
Միանշանակ ասել, որ քրեական սերիալները ազդեցություն ունեն ճիշտ չի լինի,
սակայն չի էլ կարելի բացառել դրա ազդեցությունը:
Կարելի է հավելել, որ վերջին 2-3
տարիներին սերիալների հետ կապվող հանցագործությունների դեպքերը չեն աճել,
պարզապես ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունների,
համակարգում հսկողությունը ուժեղացնելու շնորհիվ նվազում է
հանցագործությունների լատենտայնությունը: Այսինքն, ոչ թե
հանցագործություններն են ավելացել, այլ ի տարբերություն նախկին տարիների
բոլոր հանցագործությունները գրանցվում են և կարելի է ասել, որ քրեական
սերիալնները գրեթե ազդեցություն չունեն: Գուցե վատ ազդեցությունը առավել
ցայտուն կզգացվի տարիներ հետո՞:
Սակայն այն փաստը, որ մեր
երիտասարդությունը հիմա արտահայտվում է հենց մեր իսկ հայկական քրեական
սերիալների ժարգոնով և բառերով՝ ակնհայտ է: Գուցե ցանկանում են նմանվել
սերիալների դերասաններին, կարծելով որ նրանք ավելի հարգված, ընդունելի ու
ժամանակակի՞ց են: Ցավալին այն է, որ ժամանակի ընթացքում քրեական
սերիալները կարծես դարձել են սովորական, և մենք ընտելացել ենք ամենօրյա Որոգայթին, Կյանքի Գնին, Էմիգրանտներին…